ԱԺ քննարկմանը ներկայացվեց «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը

09.09.2024
ԱԺ քննարկմանը ներկայացվեց «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը

Սեպտեմբերի 9-ի այսօրվա նիստում ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն օրենսդիր մարմնի քննարկմանը ներկայացրեց «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախատեսվում է, որ Կադաստրի կոմիտեում գործող գնահատման հանձնաժողովի անդամների համար օրենքով սահմանված հինգ տարվա աշխատանքային ստաժ ունենալու պահանջը կփոխարինվի երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջով:

Ներկայացնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունները` ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ կսահմանվի գնահատման հանձնաժողովի անդամ լինելու եւ հանձնաժողովի կազմի մեջ ներգրավվելու ռոտացիոն համակարգ:

Զեկուցողի խոսքով փոփոխությունը կնպաստի, որ երկու եւ ավելի տարիների մասնագիտական ստաժ ունեցող գնահատողները կարողանան որպես անդամ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին եւ տալ համապատասխան եզրակացություններ:

ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողները պետք է 30 եւ ավելի տոկոս մասնակցություն ունենան ՀԿ-ներում, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան հաշվառվել Կադաստրի կոմիտեում:

«Այդ մասնակցային շեմը մենք 30-ից իջեցնում ենք 10 տոկոսի` հնարավորություն ստեղծելով, որ գործող 1 գնահատման հասարակական կազմակերպության փոխարեն հնարավոր լինի ստեղծել եւս 4 նմանատիպ կազմակերպություններ եւ դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում` որպես ոլորտի մասնակից ՀԿ-ներ»,- մանրամասնել է Սուրեն Թովմասյանը:

Նախաձեռնությամբ նաեւ որոշակի պահանջներ են սահմանվում լիազոր մարմնում գնահատման ՀԿ-ների հանդեպ` հնգամյա գործունեության ծրագրի ներկայացում եւ դրա վերաբերյալ հաշվետվողականություն:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է որակավորված մասնագիտական հանձնաժողովի անդամ հանդիսանալու պահանջներին:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստում: