Օրենսդրական նախաձեռնություն․ ԱԺ է ներկայացվել ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

06.09.2024
Օրենսդրական նախաձեռնություն․ ԱԺ է ներկայացվել ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել և ներկայումս ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն տվյալ հարկային տարվա ընթացքում հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում։

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ հարկային պարտավորությունները բարեխիղճ կատարած հարկատուները կազատվեն անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժերի վճարումից։

Հարկ է նշել, որ Կադաստրի կոմիտեի կողմից վարվող Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգի ներդրման ժամանակ անշարժ գույքերի որակական և քանակական տվյալների մուտքագրումները իրականացվել են 2011 թվականին, որից հետո ստեղծված թվային հարթակները հնարավորություն տվեցին բացահայտելու և ճշգրտելու համակարգում մուտքագրված որակական կամ քանակական տվյալները։

Անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտումը իրականացվում է Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ՝ նշված թվային հարթակների միջոցով անճշտությունների բացահայտման արդյունքում, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատերերի դիմումների հիման վրա։