ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարականի շրջանակներում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ «Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների նախագծերի աշխատանքային հանդիպում-քննարկում, որին հրավիրված էին մասնակցելու շահագրգիռ պետական գերատեսչությունների փոխնախարարներ, վարչության պետեր, հանրային ծառայություններ մատուցող մարմինների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ։
Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին և մանրամասն ներկայացրեց «Տարածական տվյալների մասին» օրենքի նախագծի կարևոր դրույթները, նպատակները, ինչ հնարավորություններ են ստեղծվելու պետական մարմինների համար, ինչ համընդհանուր քաղաքականություն է իրականացվելու, որը հետագայում հնարավորություն է ընձեռելու ինտեգրել հավաքագրված տեղեկատվությունը մեկ ընդհանուր հարթակում։
Ներկաներին մանրամասն ներկայացվեց տարածական տվյալների ոլորտում կառավարման հիմնական սկզբունքները, բոլոր պետական մարմինների համընդհանուր ներգրավածության կարևորությունը, կառավարության և լիազոր պետական մարմնի՝ Կադաստրի կոմիտեի լիազորությունները, ինչպես նաև տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները։
Կոմիտեի ղեկավարն անդրադարձավ նաև ՀՀ-ում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների խմբերին, այդ խմբերում ներառված քարտեզագրական շերտերին։
Հիմնավորվեց գերատեսչության կողմից հավաքագրվող թեմատիկ տվյալների ստանդարտացման, քարտեզագրական շերտերի սահմանման և Կադաստրի կոմիտեի կողմից բազային տարածական տվյալների կառավարման կարևորությունը, ինչպես նաև հստակեցվեց յուրաքանչյուր մետատվյալի ստեղծման կարևորությունը։
Պետական մարմինների պատասխանատուների հետ քննարկվեցին ՀՀ-ում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման ու փոխանակման հետ կապված հարաբերությունները, պետության համար դրանց ռազմավարական կարևորությունը, օրենսդրական կարգավորումները:
Օրենսդրական այս կարևոր նախաձեռնություններին վերաբերող ցանկացած քննարկման, համագործակցության համար Կադաստրի կոմիտեն բաց է մասնագիտական հանրույթի և գերատեսչությունների համար։
Բուհերի, անհատ մասնագետների և փորձագետների հետ նախորդ շաբաթ կայացած հանդիպման ընթացքում կոմիտեի պատասխանատուները ևս հանգամանալից ներկայացրել էին «Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների նախագծերի դրույթները, քննարկվել են բոլոր դիտարկումները, կարծիքները, նախագծերի՝ տարակարծություններ առաջացնող դրույթները։
Օրենքների նախագծերի փոփոխված տարբերակները կտեղադրվեն Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում։