Մարտի 9-ից կգործարվի չափագրողների առցանց գրասենյակը

Երեկ՝ մարտի 3-ին, ողջ օրվա ընթացքում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության բնագավառներում որակավորում ունեցող անձանց հյուրընկալել էինք Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի գլխավորությամբ կազմակերպված 4 հանդիպում-քննարկումներին օրվա ընթացքում մասնակցեց ավելի քան 50 մասնագետ։
Տեղակալի օգնական Գևորգ Մանուկյանը ներկաներին մանրամասն ներկայացրեց չափագրողների առցանց գրասենյակից օգտվելու սկզբունքները, քննարկվեցին տվյալների մուտքագրման առանձնահատկությունները, գործնական կիրառման ընթացքում առաջացած հարցերը։
Մարտի 5-ին նախատեսվում է մասնագիտական խմբի ևս մեկ հանդիպում, իսկ մարտի 9-ից պաշտոնապես կգործարվի չափագրողների առցանց գրասենյակի ավարտուն տարբերակը, և չափագրման փաթեթները կսկսեն ընդունվել միայն էլեկտրոնային եղանակով։